ՀՀ ԱԺ–ն երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է ՏՏ ոլորտի պետական աջակցության օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրինագիծը և «Շահութահարկի մասին» ու «Եկամտահարկի մասին» օրենքներում նախատեսված համապատասխան փոփոխությունները։
Օրինագծով ենթադրվում է ստեղծել ՏՏ ոլորտում պետական օժանդակության` Հայաստանի համար նոր համակարգ։
Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, օրենսդրական փաթեթով ենթադրվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ոլորտում սկսնակ ընկերությունների (start-up) համար հարկային տեսանկյունից։
Նա նշեց, որ մինչ օրս բնագավառի ընկերությունների համար օրենսդրական որևէ արտոնություն չի եղել, ինչի կապակցությամբ օրինագծով ավելի թեթև և բարենպաստ պայմաններ են նախատեսվում start-up–երի համար։
Մասնավորապես, նախատեսվում է ընկերության ստեղծման ավելի թեթև ընթացակարգի հնարավորություն։ Ընկերությունը հնարավորություն կունենա աշխատել շահութահարկի զրոյական տոկոսադրույքով և 10 տոկոս եկամտահարկով երեք տարի ժամկետով։
Օրինագծի շահառուներ կարող են դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունները կամ արդեն մշակողների արդեն գործող, բայց մինչ օրս չգրանցված խմբեր, որոնք ՏՏ առաջխաղացման գաղափարներ ունեն և բաղկացած են ոչ պակաս քան 15 աշխատողից։
2000 թվականին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել է երկրի տնտեսության գերակա ոլորտ։ 2014 թվականի հունվարի 1–ի տվյալներով, Հայաստանում գրանցված են ՏՏ ոլորտի ավելի քան 380 ընկերություններ, որոնցից 159–ը` արտասահմանյան կապիտալով կամ արտասահմանյան խոշոր ընկերությունների ներկայացուցչություններ։
Ամեն տարի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովում է շուրջ 20-25–տոկոսանոց աճ։ ՏՏ ոլորտի բաժնեմասը Հայաստանի ՀՆԱ–ում կազմում է 380 մլն դոլար։ Բնագավառի զարգացման ռազմավարության համաձայն, 2018 թվականին ծրագրվում է ապահովել ՏՏ–ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:29 17.12.2014