Ucom-ը 2015թ.-ից Երևանում LTE-ի ցանցի փորձնական շահագործում է նախատեսում
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը LTE-ի ցանցը փորձնական շահագործման կհանձնի Երևանում 2015թ.-ից, երեքշաբթի լրագրողներին ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
ՀԾԿՀ-ն Ucom ընկերությանը թույլատրել է բջջային կապի ծառայություններ տրամադրել: Արտոնագիրն ուժի մեջ է մտել 2013թ.–ի նոյեմբերից և վավեր է մինչև 2018թ.–ի օգոստոսի 6–ը: Բջջային կապի ծառայությունների կոմերցիոն գործարկումը նախատեսված է 2015 թ.–ի հունվարի 1–ից ոչ շուտ: Արտոնագրի վրա ընկերությունը ծախսել է 6 մլրդ 225 մլն դրամ: Նախատեսվում է, որ ստացված հաճախականություններով ընկերությունը շարժական ինտերնետի ցանց կկառուցի:
«LTE ցանցի գործարկման փորձնական ծրագիրը կիրականացվի 2015թ.-ից: Այժմ մայրաքաղաքում բազային կայաններ են տեղադրվում, որոնց աշխատանքն արդեն 60 տոկոսով ավարտված է: Մնում է տեղադրել վերջնական տեխնիկան, որը ևս շուտով նախատեսվում է ավարտել», - ասաց Եսայանը:
Նրա խոսքով՝ 2015թ.-ից նախատեսվում է սկսել փորձնական թեստավորումը, եթե եղանակային պայմանների հետ կապված բարդություններ չծագեն:
Նա նշեց, որ LTE ցանցի հիման վրա ինտերնետային ծառայությունների տրամադրման փորձնական նախագիծը կիրականացվի Երևանում, ինչից հետո՝ մայրաքաղաքին մոտ գտնվող քաղաքներում, նախատեսվում է, որ մինչև տարեվերջ ընկերությունը ողջ տարածքի ծածկույթ կապահովի:
Արտոնագրի պայմանների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է Երևանում և հարակից տարածքներում լայնաշերտ անլար ինտերնետի ծածկույթ ապահովել։ Երկամյա ժամկետում ընկերությունը պետք է նաև նմանատիպ ցանցով ապահովի հանրապետության մարզերի 80 տոկոսը և երկրի հիմնական կապուղիները: Փաստորեն, 2015թ.-ից ընկերությունը կսկսի տրամադրել շարժական ինտերնետի ծառայությունների լայն շրջանակ: Հայաստանում շարժական ինտերնետային ցանցի ստեղծման գործում Uсom-ի ներդրումները մի քանի տասնյակ միլիոն դոլար կկազմեն:
Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:
Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց՝ տրամադրելով ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններ ($1 – 409,69 դրամ): –0
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:59 21.10.2014